Արարտի մարզի բնակչուհի 46-ամյա Ա. Բ-ն հոգեկան հիվանդությամբ տառապող իր ամուսնու` Կ. Ն.-ի համար, օրենքով սահմանված կարգով ձեռք բերված հոգեմետ դեղահաբերը  վաճառել է: Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 46-ամյա Ա. Բ-ն իր ամուսնու` Կ. Ն-ի հոգեկան հիվանդությամբ տառապելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել հոգեմետ նյութ հանդիսացող «կլոզապին» պարունակող «ազալեպտին» դեղահաբեր, որից զգալի չափի` 0.6 գրամ քաշով 6 հատն իրացրել է նույն գյուղի բնակչուհի Մ. Գ.-ին:

Քրեական գործ է հարուցվել 266  հոդվածի 1-ին մասով` իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:

Դատական քննությունը նշանակվել է դեկտեմբերի 10-ին: