Շիրակի մարզում դեկտեմբերի 1-ին Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհին հարսանիքի մասնակցող «ՎԱԶ 21015» եւ «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաների բախումից մահացած փեսացուի եղբորը` 23-ամյա Արմեն Դարբինյանին այսօր` դեկտեմբերի 3-ին, հուղարկավորել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը: Նրա խոսքով, 23-ամյա Արմենը մեքենայի արհեստավոր է եղել եւ ամուսնացած չէր:
Իսկ 23-ամյա հարսնացուն` Լուսինե Ղամբարյանը եւ նրա հորեղբայրը` Հովհաննես Գեւորգյանը Գյումրիի Գյուլբենկյան հիվանդանոցից տեղափոխվել են Երեւանի հիվանդանոց: Հովհաննես Գեւորգյանը դեկտեմբերի 3-ին եւս մեկ վիրահատության է ենթարկվել եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վթարի հետեւանքով փեսացուի եղբայրը` «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենանայի վարորդը` 23-ամյա Արմեն Դարբինյանը, մահացել է, իսկ «ՎԱԶ 21015»-ի ուղեւորը` հարսնացուն` 23-ամյա Լուսինե Ղամբարյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Վթարից տուժել է նաեւ հարսնացուի հորեղբայրը` 42-ամյա Հովհաննես Գեւորգյանը: Վերջիններս տեղափոխվել են Գյումրիի Գյուլբեկյանի հիվանդանոց:
«Լուսինեն ունի որովայնի բութ վնասվածք,փայծաղի պատռվածք, ներքին արյունահոսություն: Վիրահատվել է, արյունահոսությունը դադարել է: Վիճակը կայուն ծանր է: Այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: Հովհաննեսի մոտ կա ազդրի, դեմքի ծնոտի, գանգուղեղային ծանր կոտրվածքներ եւ վնասվածքներ:Նրա կյանքին վտանգ է սպառնում»,- փոխանցել են հիվանդանոցից: Լուսինե Ղամբարյանը Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից է, եւ պետք է հարս գնար Արթիկ:
Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ինքը եւս հրավիրված է եղել հարսանիքին: «Մեկ ամիս առաջ էր նշանդրեքը եւ այսօր պետք է ամուսնանային: Սակայն նախապատրաստական աշխատանքներով գյուղից դուրս են եկել, բախվել բարեկամի մեքենային եւ նման դժբախտ դեպք է տեղի ունեցել: Հարսին ցերեկը պետք է գային նվագով տանեին, հետո եկեղեցի եւ նոր հարսանյաց սրահ: Սակայն արդեն բոլորը գիտեն կատարվածի մասին ու էլ ի՞նչ հարսանիք: Փեսացուի կողմից մահ կա, իսկ հարսի կողմից 2 տուժող»,- ավելացրեց գյուղապետը:





























