Թուրք մեսխեթցիների՝ հայաբնակ Ջավախքի վրա «արշավելու» մասին լուրերն անհիմն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց վրացական «Տոլերանտի» հասարակական կազմակերպության ղեկավար Ծիրա Մեսխիշվիլին: Թեեւ հայրենադարձման հայտեր ներկայացնելու գործընթացն ավարտվել է 2010-ի հունվարի 1-ին, այդուհանդերձ, դրանց քննարկումը դեռ չի ավարտվել, իսկ բուն հայրենադարձությունը դեռ չի սկսվել: Զանգվածային վերաբնակեցման մասին լուրերը նույնպես անհիմն են, քանի որ հայրենադարձման հայտերի թիվն ընդամենը մոտ 5,8 հազար է:

«Թուրք մեսխեթցի» տերմինը, նրա կարծիքով, «սադրիչ» բովանդակություն ունի, քանի որ մեսխեթցին վրացի է: Պետք չի այդ անունը կապել թուրքերի կամ մահմեդականների հետ, քանի որ նրանց մեջ կան քրիստոնյաներ: Թեեւ որոշ մեսխեթցիներ իրենց թուրք են համարում, բայց «թուրք մեսխեթցի» տերմինը արհեստականորեն է ստեղծվել 1970-ական թվականներին: Նրա խոսքով, բոլոր մեսխեթցիները գիտեն իրենց պատմական վրացական ազգանունները: Նրանց մի մասն արդեն վերականգնել են իրենց հին ազգանունները, շատերը փնտրում են այն արխիվներում: Ներկայումս Ջավախքում, այդ թվում Ախալցխայում, ապրում են որոշակի թվով մեսխեթցիներ, սակայն հայրենադարձման պաշտոնական գործընթացը դեռ չի սկսվել:

Բացի այդ, ոչ բոլոր մեսխեթցիներն են ցանկանում բնակվել Վրաստանում, նոր վայրում անորոշ ապագայի, լեզու սովորելու եւ նոր իրողություններին հարմարվելու հետ կապված խնդիրների պատճառով: Այդ առումով, վրացի հասարակական գործիչը լրիվ անհիմն է համարում տարածաշրջանը մեսխեթցիներով բնակեցնելով՝ Ջավախքից հայերին դուրս մղելու թուրք-ադրբեջանական դավադրության մասին խոսակցությունները:

Խոսակցությունները, որ փորձում են տեղի հայերին պատկանող գյուղատնտեսական հողերը նպատակաուղղված հանձնել մեսխեթցիներին, ըստ Մեսխեշվիլիի, եւս անհիմն է: «Դա անհեթեթ է, որովհետեւ վերջին տարիներին տեղափոխվածների մեծ մասն ապրում է Ախալցխայում եւ Ադիգենում, բայց մինչ տեղահանումը նրանք ապրել են ողջ Սամցխե Ջավախքում, բացի Բորժոմիի շրջանի»,-ասել է վրացի գործիչը:

Վրաստանի կառավարության հայրենադարձման պետական ծրագրի համաձայն, մեսխեթցիներին թույլ է տրվում վերադառնալ, բայց նրանց տներն ու հողերը կառավարությունը չի վերադարձնում:

Ծիրա Մեսխիշվիլին անհեթեթ է համարում նաեւ այն, թե Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության համար ձգտում են աշխատանքի վերցնել «Թուրքիայի հանդեպ լոյալ մեսխեթցիներին»: «Մասնավոր ընկերություններն իրեն են որոշում ում վերցնել աշխատանքի, ում՝ ոչ»,-ամփոփել է նա: