Պարզվում է, որ «Բարգավաճ Հայաստանի» նվիրած տրակտորները կարող են նաեւ առգրավվել: Համենայնդեպս, կուսակցական չինովնիկները այդպես են բացատրում տեղեկությունները, որ ԲՀԿ-ի նվիրած տրակտորները հետագայում հետ են վերցվում եւ կարող են տարվել այլ տեղեր` նվիրելու նպատակով: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
Այսինքն` «Բարգավաճ Հայաստանն» ունի բազմամյա նվիրաբերման տրակտորներ, որոնք տրվում են, նկարահանվում, տեղեկությունը տարածվում է ամենուր, իսկ հետո արդեն, երբ կրքերը մի քիչ հանդարտվում են, տրակտորները վերցվում են ու «վերանվիրվում» այլ համայնքների:
«Բարգավաճ Հայաստանի» այս տեխնոլոգիան կարելի էր նաեւ կատարելագործել, եթե տրակտորներն ունենային, ասենք, աղավնիների կամ շների հատկություն եւ ինքնուրույն ետ գային: Եղել են այդպիսի «հնարամիտներ», որոնք աղավնի կամ շուն են վաճառել, իսկ հետո վաճառված կենդանիները փախչել են ու վերադարձել իրենց նախկին տերերի մոտ: ԲՀԿ-ի տրակտորներն էլ կարող էին նվիրվել, իսկ հետո ինքնաբերաբար վերադառնալ ԲՀԿ: Այդ կերպ աղմուկը շատ ավելի քիչ կլիներ, ոչ ոք չէր տեսնի, թե ինչպես ԲՀԿ-ն եկավ ու տարավ»,- գրում է «Ժամանակը»:




























