Նոյեմբերի 28-ին ԼՂՀ-ի «Ինտերնատ» կոչվող զորամասում ծառայած Հայկ Մովսիսյանը Շուշիի բերդում կախվել է: Այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության ծառայության ղեկավար Ֆելիքս Հարությունյանը:
«Նման դեպք արձանագրվել է,հանգամանքների վերաբերյալ տեղեկություն չեմ կարող տալ: Փաստի առթիվ նյութեր են նախապատսրատվել եւ դրանք գտնվում են Դատախազության Հատուկ քննչական ծառայությունում»,- ասաց նա:
Նշենք, որ զինվորի Շուշիի բերդում կախվելու մասին տեղեկությունը տարածել էր «Ժողովուրդ» թերթը: «Մեր խմբագրություն զանգահարած Հայկի մայրը`Հեղինե Պետրոսյանը, պատմել է, որ իր որդին հիվանդության պատճառով ազատվել է ծառայությունից ու օրինական զինվորական գրքույկ ստացել`պաշտպանության նախարարի կնիքով: Այնուհետեւ մեկնել է Մոսկվա`բուժում ստանալու: Որոշ ժամանակ հետո, երբ վերադարձել է, Հայկին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ԼՂՀ զորամաս`հայտնելով թե «հետախուզման մեջ ես»: Ապա զինվորին դատապարտել են դասալքության համար եւ տեղափոխել Շուշիի բերդ, որտեղ Հայկը նոյեմբերի 28-ին իրեն կախելու միջոցով ինքնասպանություն է գործել: Զինվորի մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ թերահավատ է, թե իր որդին ինքնասպան է եղել: Հարազատները պահանջում են բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Շուշիի բանտում»,- գրում է «Ժողովուրդը»:




























