Իսլամիստները վարքի ավանդական կանոնները հարմարեցնում են ներկա իրողություններին: Այս մասին ասված է ալժիրցի փորձագետ, Սոցիալական գիտությունների Փարիզի դպրոցի հետազոտող Ամել Բուբեքերի՝ NEWS.am-ին ներկայացված հետազոտության մեջ, որը կոչվում է «Ի՞նչ է տեղի ունեցել իսլամիստների կամ հենց քաղաքական իսլամի հետ»: Հետազոտությունը Ամել բուբեքերն իրականացրել է Օլիվյե Ռուայի հետ համատեղ:
Իսլամիստական շարժման քաղաքականացումը, սկսած 1970-ական թվականներից, հայտնի չափով տարանջատել է իսլամիստական շարժումները: Ազգային պետությունների գաղափարական ճգնաժամը, ավտորիտար ռեժիմների տրանսֆորմացիան զարգացման նոր պայմաններ է ստեղծում: Հետիսլամիստական հասարակությունը, որն սկսեց ծնվել 1990-ական թվականներին, արտահայտման ճանապարհներ է փնտրում քաղաքականությունից դուրս եւ իսլամիստական պետություն ստեղծելու բաց կոչեր չի պարունակում: Նման օրինակներ դարձան 1990-ականների կեսերին Եգիպտոսում «Ալ-Վասաթ» կուսակցության եւ Թուրքիայում իսլամիստական կուսակցությունների բազմակարծության («Ռեֆաթ» կուսակցության տրոհումը «Ֆազիլեթ» եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունների) ստեղծումը:
«Ինչպե՞ս բացատրել իսլամական գաղափարախոսության նոր գործող անձանց բազմազանությունը՝ թուրք բիզնեսմեն իսլամիստներից մինչեւ մահմեդական փոփ-համերգներին մասնակցող երիտասարդություն: Եթե ավանդական իսլամիստները հենվում են մահմեդական մտածողների աշխատությունների վրա, ապա նոր գործիչները ավելի ու ավելի շատ են օգտագործում շփման նոր մեթոդներ՝ արբանյակային հեռուստատեսություն, ինտերնետ, լազերային դիսկեր»,-նշում է հետազոտողը:
Ստեղծվում է սպառողական մշակույթի նոր տեսակ կամ «նորաձեւ իսլամ»՝ իսլամական ոչ ալկոհոլային խմիչքներ, հագուստ եւ այլն: Ֆրանսիայում իմամները հանդես են գալիս կիթառներով, նրանց քարոզները կարելի է բեռնել iPad-ներով:
Մահմեդական եղբայրությունը պահպանում է իր հիերարխիան (լոկալ խմբեր, պարբերական հավաքներ, զոհաբերություններ եւ այլն), բայց լոկալ խմբերի ղեկավարները, որոնք որոշումներ են կայացնում, գնալով ավելի են նմանվում սոսկ կազմակերպիչների: Իսլամիստների մտածողությունը նախ դառնում է ավելի անհատական, երկրորդ, ավելի կոսմոպոլիտ, քանի որ Եվրոպայում բնակվող մահմեդականների գիտակցության մեջ աստիճանաբար ջնջվում են մահմեդականության եւ արեւմտյան գաղափարախոսությունների միջեւ առկա խաչընդոտները:



























