Իրանի երաժշտության տան մամուլի քարտուղարը դատապարտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում թառ երաժշտական գործիքի գրանցումը որպես Ադրբեջանի մշակութային ժառանգություն:

Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Իրանի երաժշտության տան մամուլի քարտուղար Դարյուշ Փիրնաքանը հայտնել է, որ Երաժշտության տան խորհուրդը նշված խնդրի առնչությամբ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի նախկին ներկայացուցչին եւ վերջինս ասել է, որ Իրանի գործող ներկայացուցիչը պաշտոնական բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի գործող ներկայացուցիչը որոշակի անփութություն է դրսեւորել այդ հարցի առնչությամբ, որոշվել է հարցն ուսումնասիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասարակայնության հետ կապերի գրասենյակի հետ համագործակցությամբ, որին հետո անհրաժեշտ ընթացակարգային գործողություններ են հետեւել:

Փիրնաքանն անդրադարձել է Ադրբեջանում թառի պատմությանը եւ հավելել. «Թառի գրանցումը վերջինը չէ, որ նրանք իրենց են վերագրում: Պատմության համաձայն, Ադրբեջանը սխալ անվանում է, քանի որ Կովկասն առանձնացվել է Իրանից Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերով, Ֆեթհ Ալի շահի եւ Աբաս Միրզայի ժամանակներում: Այն ժամանակվա Աղվանքը, ներկայիս Ադրբեջանը, վերանվանվել է Արան: Մամուլի քարտուղարը հավելել է, որ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ցարական Ռուսաստանում այդ տարածքը վերցրել է «Ադրբեջան» անվանումը Ահմադ շահի կառավարման տարիներին: Նրանք աստիճանաբար վերցրել են իրանական բնիկ եւ ազգային մշակույթը:

Նա մերժել է ադրբեջանցի պաշտոնյաների պնդումները, թե թառը պետք է գրանցվի որպես թուրքական գործիք, հավելելով. «Գործիքը տարածվել է Իրանի տարածքից դեպի Ադրբեջան: Նրանք հանել են կեռիկները եւ որոշակի փոփոխություններով ընդունել թառը որպես թուրքական գործիք: Հարց է ծագում. եթե թառն ի սկզբանե թուրքական գործիք է եղել, ինչու են թառ նվագելիս նրանք օգտագործում իրանական երաժշտական համակարգեր եւ մեթոդներ:

Իրանի երաժշտության տան մամուլի քարտուղարը, ով նաեւ թառ է նվագում, ասել է, որ փաստաթղթերի համաձայն, այդ գործիքի հայրենիքը Իրանի հարավային շրջաններն են: Նախկինում այն կոչել են շիրազյան թառ: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է թառը տարածվել Իրանի հյուսիսային սահմաններում եւ ընկել թուրքերի ձեռքը: