Ճառագայթային նորմալ թերապիայի անցկացման համար անհրաժեշտ են  պետական մոտեցում եւ ֆինանսական ահռելի ռեսուրսներ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Մեր կառավարությունը սկսել է մտահոգվել այդ մասին, եւ շուտով Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում կտեղադրվեն այն բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են  ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար», - նշել է նա:

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Մարինա Ոսկանյանը անդրադարձել է արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման առանձնահատկություններին:  Նա նշել է, որ այդ  հիվանդությունը չպետք է ինքնահետազոտմամբ բացահայտել:  «Կինը չպետք է  որեւէ ախտանշանների սպասի: Նա պետք է ամեն տարի համապատասխան  բուժզննում անցնի», - ընդգծել է Ոսկանյանը:

Ըստ նրա՝ արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է ժամանակին կանխարգելել: Ճիշտ ախտորոշման եւ վիրահատության օգնությամբ կարելի է  հարյուր տոկոսով հեռացնել արգանդի բորբոքված մասերը: «Բուժումից հետո կանայք կարող են առանց բարդությունների միանգամայն առողջ երեխաներ ունենալ», - եզրափակել է Մարինա Ոսկանյանը: