Գվատեմալայի հնդկացիներն սկսել են տոնել «աշխարհի վերջի» գալուստը: Գվատեմալայում ապրող մայա, գարիֆունա եւ շինկա հին ժողովուրդների իշխանությունների Մեծ խորհուրդը պահանջում է թույլ տալ զբոսաշրջիկներին ազատորեն այցելել հին մայաների սրբավայրեր:
Դեկտեմբերի 20-ին, ըստ մեքսիկական լրատվամիջոցների, մայաների սերունդների քրմերն իրենց սրբավայրերի մաքրման ծիսակարգային տոնական արարողություններ կանցկացնեն: Դրանից հետո տեղի կունենա համընդհանուր մեդիտացիա, որի նպատակը ժամանակակից մարդկության գիտակցության փոփոխությունն է:
Այսօր, մայաների հետ կապված 13 հնագիտական գոտիներում, զբոսաշրջիկների համար ներկայացումներ կկազմակերպվեն: Մայաների երկրում աշխարհի վերջը դիմավորելու կգա շուրջ 200 հազար մարդ, հաղորդում է «ՖեդերալՊրես Նյուզը»:
Դեկտեմբերի 21-ին, ըստ մայաների օրացույցի, ավարտվում է 5-րդ դարաշրջանը: «Աշխարհի վերջի» հետ կապված Հին ու Նոր աշխարհներում խուճապային տրամադրություններ են հասունանում. մարդիկ բունկերներում տեղեր են գնում, հույս ունենալով փրկվել եւ փրկել իրենց հարազատներին: Շատերը լրջորեն մտածում են ինքնասպանության մասին, համարելով, որ հանդերձյալ աշխարհում աշխարհի վերջը սարսափելի չէ:
Միաժամանակ, պատմաբանները պնդում են, որ հին հնդկացիների մոտ գոյություն չի ունեցել «աշխարհի վերջ» հասկացությունն այն իմաստով, որը մենք ընկալում ենք այսօր: 2012-ի դեկտեմբերի 21-ը հին մայաները համարել են նոր դարաշրջանի սկիզբ, ոչ թե հնի վերջ:




























