Չինաստանում աշխարհի մոտալուտ կործանումը քարոզող «Ամենակարող Աստված» աղանդի ավելի քան 600 հետեւորդներ ձերբակալվել են։ Նրանց մեծամասնությունն ենթարկվել է վարչական կալանքի՝ «հասարակական կարգը խախտելու» մեղադրանքով՝ 5-ից 10 օր ժամկետով։ Այս պաշտամունքի հետեւորդները, փաստացի, դեկտեմբերի 21-ի համընդհանուր աղետին հաջորդող օրը կդիմավորեն նախնական կալանքի մեկուսարանում։ Ավելի վաղ հաղորդվել էր կալանավորված 100 մարդու մասին։
Ինչպես պարզել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 1990 թվականին Խենան նահանգում առաջացած աղանդը «ահեղ դատաստանի օր»-ից կփրկի միայն իր հետեւորդներին։
Ավելի քան 400 աղանդավորներ ձերբակալվել են Ցինհայ նահանգում։ Նրանցից բռնագրավվել են թռուցիկներ, պաստառներ, «աշխարհի վերջը եւ ինչպես փրկվել դրանից» թեմայով համակարգչային նյութեր։ «Խորհուրդ աղետից առաջ. Սատանայի մարդիկ կոչնչանան։ Միայն «Ամենակարող Աստվածն» է ի զորու փրկել մարդկանց։ Բոլոր նրանք, ովքեր դեմ են Աստծուն, դժոխք կուղեւորվեն»,- Սինհուա գործակալությունը մեջբերում է թռուցիկներից մեկը։
Չժեցզյան նահանգում ոստիկանությունը մեկուսացրել է աղանդի 58 անդամներ, որոնք հաստատվել էին Լենսի քաղաքում։ Տեսության բազմաթիվ հետեւորդներ հայտնաբերվել են Սիչուան, Գուիչժոու, Գուանդուն եւ այլ քաղաքներում։ Նրանք բոլորը խոսում են աղետի անխուսափելիությունից՝ երկրաշարժեր, ցունամիներ, մահաբեր համաճարակներ, ինքնաթիռների վթարներ եւ շրջակա միջավայրի անկում։





























