Եթե Դեպարդիեն ցանկանա Ռուսաստանում բնակության իրավունք կամ ռուսական անձնագիր ունենալ, ապա կարելի է համարել, որ այդ հարցը լուծված է։ Այս մասին մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն դիմե՞լ է՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու համար։
«Ռուսաստանը լավ հարաբերությունների մեջ է Ֆրանսիայի հետ եւ մենք մեծ տեղ ենք տալիս այդ հարաբերություններին»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ ավելացնելով, որ «թեեւ Ֆրանսիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր, բայց մենք նրա հետ հաճախ ենք փոխհամաձայնության գալիս»։
Այդ կապակցությամբ Պուտինը հույս է հայտնել, որ այդ բնագավառի ոչ մի որոշում չի ազդի իրենց հարաբերությունների վրա:
Նրա խոսքով՝ «ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ցանկացել վիրավորել Դեպարդիեին, եւ դա, ավելի շուտ, ուղղակի թյուրիմացություն է»։ Սակայն, ինչպես նշել է նախագահը, հայտնի է, որ «արվեստագետին հեշտ է նեղացնել», հաղորդում է «Վեստի.ռու»-ն։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Մոսկվայում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը։
Ավելի վաղ՝ ընկերների հետ զրույցի ժամանակ, Դեպարդիեն հայտարարել է, որ ինքն ունի ռուսական անձնագիր, որն իրեն ուղարկել է նախագահ Պուտինը։





























