Դեկտեմբերի 20-ին կայացավ ՀՀ սփյուռի նախարարին կից ատյանի նիստը:

ՍՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. ծրագրերի մասին հաշվետվություն ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Նա տեղեկացրեց, որ 2012թ. ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերն իրականացնելիս առաջնահերթ շեշտադրումները կատարվել են գերակա խնդիրների եւ ՀՀ կառավարության 2012թ. ծրագրերի ցանկում ընդգրկված միջոցառումների վրա:

2012-ին ՀՀ ՍՆ գերակա խնդիրներն են եղել «Իմ Հայաստան» փառատոնի անցկացումը, որին նախատեսված 600 մասնակցի փոխարեն Հայաստան է ժամանել 2000-ից ավել մարդ, «Սփյուռք» ամառային դպրոցի հիմնումը ԵՊՀ բազայի վրա, Սփյուռքի համայնքային կառույցների գործունեության օրինակելի կարգի մշակումն ու տրամադրումը համայնքներին, Վրաստանում լույս տեսնող հայալեզու լրատվամիջոցներին աջակցությունը:  ՀՀ կառավարության  2012թ ծրագրում Սփյուռքի նախարարության միջոցառումներից ընդգրկված էին  ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային  խնդիրների  լուծմանն օժանդակության, ինչպես նաեւ  «Մեր մեծերը» ծրագրերի իրականացումը, «Հայաստան-Սփյուռք»  թեմատիկ տեսաժողովների կազմակերպումը: Կարեւոր էին Սփյուռքում հայկական մասնագիտական  ներուժի համախմբումն ու Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի ներդրումների խրախուսումը, «Ցեղասպանության 100-ամյակը» շարադրությունների մրցույթի անցկացումը:

 Գիտական եւ գիտատեխնիկական  գործունեության  հիմնարար եւ կարեւորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների շրջանակում պատվիրվել է 9 հետազոտություն: Արդյունավետորեն իրականացվել է «Արի տուն» ծրագիրը: Ֆ. Զաքարյանի ներկայացմամբ՝ վերջին շրջանում Սփյուռքի նախարարության  համար սիրիահայերի հիմնախնդիրը դարձավ գերակա խնդիր: Սփյուռքի նախարարության՝ որպես համակարգող գերատեսչության ջանքերով պետական կառույցների հետ  համատեղ լուծվել են մի շարք հարցեր, որոնք միտված էին սիրիահայերի կենսագործունեությունը Հայաստանում  բարելավելուն:

ՀՀ սփյուռքի նախարարության Հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ Արման Եղիազարյանը ներկայացրեց  2011թ. հուլիս-2012թ. հոկտեմբեր ժամանակահատվածում վարչության կատարած աշխատանքը: Կազմակերպվել են մի շարք համաժողովներ եւ գիտաժողովներ, կազմվել են տեղեկանքներ, համայնքների պատմության եւ այլ թեմատիկ ուսումնասիրություններ: Իրականացվել են հայկական եւ օտարերկրյա մամուլում Սփյուռքի  հայկական համայնքների, հայության եւ համահայկական նշանակություն ունեցող  հիմնախնդիրների ամենօրյա ուսումնասիրություններ:

Ատյանի նիստում  ներկայացվեց եւ հաստատվեց  «ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2013 թվականի ծրագիրը»:

Քննարկվեցին ընթացիկ հարցեր: