Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է սոցիալական ցանցերի մի խումբ առավել ակտիվ օգտատերերի եւ բլոգերների հետ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, կարեւորելով քաղաքացիական ակտիվությունը, քաղաքացիական տարբեր դրսեւորումները, որոնք հատկապես կառուցողական եւ դրական բնույթ են կրում, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը պարբերաբար ներկայացվում է նաեւ սոցիալական մի շարք հարթակներում եւ, բացի այդ, ֆեյսբուքյան իր էջի առկայությունն իր հերթին հնարավորություն է տալիս տեղեկանալու քաղաքացիական ակտիվ հարցադրումներին, բարձրացված խնդիրներին. «Դրական եմ վերաբերվում համացանցում հնչող առողջ քննադատություններին եւ վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը իր ողջ թիմով պատրաստ է եւ լսում է բոլոր կառուցողական առաջարկները»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծելով, որ իրեն հատկապես ոգեւորում է երիտասարդների ակտիվությունը մայրաքաղաքի կյանքին առնչվող քննարկումներում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, համառոտ ներկայացրել է քաղաքապետարանի ներկա ծրագրերը, կառավարման հարցում իր մոտեցումներն ու քաղաքապետարանի առաջիկա անելիքները:
Հանդիպման ավարտին քաղաքապետը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է եւ պատրաստակամ կառուցողական ցանկացած առաջարկության եւ քննարկումների համար:





























