NEWS.am-ը զրուցել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի հետ:
Պրն. Պետրոսյան, արդեն սկսում է ձմեռային զբոսաշրջության սեզոնը: Ի՞նչ վիճակում է հիմա ձմեռային զբոսաշրջությունը Հայաստանում:
Այս տարվա հետ կապված, թույլ տվեք, եզրահանգումներ չանել, ես այդ մասին կխոսեմ սեզոնի ավարտից հետո: Բայց վերջին տարիներին մեր մոնիտորինգն ու հետազոտությունները ցույց են տալիս, որ ամեն տարի ունենում ենք ակտիվ աճ: Ամեն տարի նոր ենթակառուցվածքներ ենք բացում, նոր հյուրանոցներ` ձմեռային զբոսաշրջությանը բնորոշ վայրերում, ու ամեն տարի դրանց ծանրաբեռնվածությունը բարձր է: Պահանջարկ կա, ու մասնավորն այդ պահանջարկին համապատասխան առաջարկներ է անում եւ Ծաղկաձորում, եւ Դիլիջանում, եւ Ջերմուկում, եւ Սեւանում:
Տեղեկություններ կան, որ Ամանորին համարյա բոլոր հանգստյան գոտիներում տեղերն արդեն զբաղված են:
Ամանորին ներքին զբոսաշրջությունը հասնում է իր գագաթակետին: Դիլիջանում, Ծաղկաձորում, Աղվերանում, Ջերմուկում, Սեւանում հյուրանոցներն ու հանգստյան տները լրիվ զբաղված են: Դեկտեմբերի 30-հունվարի 7-8 ժամանակահատվածի մասին եմ ասում: Երեք ամիս առաջ արդեն Ծաղկաձորի բոլոր հյուրանոցները, բոլոր ննջատեղերն ամրագրված էին: Այցելուների մոտ 30%-ը արտասահմանից են: Շատ օտարեկրացիներ հատուկ գալիս են Հայաստան` նոր տարի նշելու, այդ տեղեկատվությունը ստացվում է տուրօպերատորներից ու ռեստորաններից: Տուրօպերատորները ստիպված են խնդրել ռեստորաններին` հունվարի 1-ին, 2-ին, 3-ին աշխատել, որպեսզի կարողանան զբոսաշրջիկների խմբերին սպասարկել:
Հատկապես հայերը դրսից հաճույքով գալիս են Հայաստան` Ամանոր անցկացնելու: 7-8 տարի առաջ սա երազանք էր, որ աշխարհի բոլոր ծայրերից հայերը ձգտեն Հայաստանում նշել Ամանորը:
Բայց գներից տեղյա՞կ եք…
Գինն իդեալական է: Եթե 100%-ով լցված է, ուրեմն իդեալական է: Եթե ապրանքդ ծախվում է` ուրեմն լավ գին ես սահմանել: Մի քանի տարի առաջ նոր տարում ներգնա տուրիզմը մեռնում էր, հիմա արդեն խմբեր են գալիս Ռուսաստանից, ԱՊՀ այլ երկրներից:
Իսկ հունվարի 10-ից հետո, ըստ Ձեզ, ի՞նչ ծանրաբեռնվածություն կլինի:
Հունվարի 10-ից հետո 40-50% ծանրաբեռնվածություն կլինի: Բայց դա շնչող ծանրաբեռնվածություն է: Միջազգային բիզնեսում հյուրանոցի 40% ծանրաբեռնվածությունն արդեն շահութաբեր է, 40% զբաղվածություն եղավ` բոլորը երջանիկ են:
Ասացիք` ձմեռային զբոսաշրջության նոր ենթակառուցվածքներ են ստեղծվել: Կոնկրետ օրինակներ կնշե՞ք:
Սեւանում, օրինակ, «Ախթամար» հյուրանոցը լեռնադահուկային նոր ուղի է բացել: Սա շատ կարեւոր է Սեւանի զբոսաշրջային սեզոնը երկարաձգելու համար: Բիզնեսը հասկանում է, որ եթե ձմեռային հնարավորություններ չստեղծի, ապա տարվա մեջ 2 ամիս է աշխատելու, ոչ ավելի: Ամառային, ջրային զբոսաշրջությունը պետք է կոմբինացվի ձմեռային զբոսաշրջության հետ: «Ախթամարի» վազքուղին կարող է ծառայել նաեւ այլ հյուրանոցների: Մի լեռնադահուկային ուղին հնարավորություն է տալիս, որ մի քանի հյուրանոց շնչի: Շատ լավ ճոպանուղի ունեն, շատ լավ վազքուղի է: Դեռ խորհրդային տարիներից այդ ծրագիրը կար, որ Սեւանի շրջակա սարերի լանջերին լինեն կարճ լեռնադահուկային ուղիներ, որ Սեւանի բազաները կարողանան ձմռանն էլ աշխատել: Անգամ սարերի ստորոտներին հասցրեցին հենասյուներ տեղադրել:
Ձմեռային զբոսաշրջության առումով նոր է Գյումրիի մերձակայքում դահուկային ուղին: Արդեն պահանջարկ ունի, փաթեթներ են ձեւավորում, ավստրիական գործընկերների հետ շատ ակտիվ աշխատում են:
Ձեզ չի՞ անհանգստացնում Ծաղկաձորի ինտենսիվ կառուցապատումը: Արդյոք դա բումերանգի նման չի՞ հարվածի զբոսաշրջությանը:
Ես ինքս այդ հարցին շատ զգայուն եմ մոտենում, սակայն կառուցապատման գերխտացում չկա: Ծաղկաձորում հիմնականում վերականգնվել են նախկին Խորհրդային Միությունում եղածները, նախկին ճամբարների շենքերը ներկայում դարձել են հանգստյան տներ կամ հյուրանոցներ: Ծաղկաձորը շատ լավ հագեցած էր նաեւ խորհրդային տարիներին: Հրապարակը միգուցե մի քիչ խիտ կառուցապատվել է, բայց ես ճարտարապետ եմ մասնագիտությամբ, կարող եմ ասել` վատ չի ստացվել:
Զրուցեց` Սամվել Ավագյանը




























