Ֆրանսիացի դերասանուհի Քեթրին Դենյովը հանդես է եկել իր գործընկեր Ժերար Դեպարդիեի օգտին, ով որոշել է հեռանալ Բելգիա եւ հրաժարվել ֆրանսիական քաղաքացիությունից՝ չափից ավելի մեծ եկամտահարկ չվճարելու համար։
Դենյովի բաց նամակը հրապարակվել է ավանդական ձախ Liberation թերթում եւ վերնագրված է «Պարոն Տորետոնը»: Հասցեատերը դերասան Ֆիլիպ Տորետոնն է, ով իր վրա է սեւեռել ֆրանսիական կինոյի գեղեցկուհու վրդովմունքը՝ Դեպարդիեի մասին արտահայտվելով որպես ագահ մարդու, ով լքել է Ֆրանսիան «մի կույտ գումարի համար»:
«Նա մեծ դերասան է, իսկ Դուք ուղղակի արտահայտում եք ձեր վիրավորանքը»,- գրել է Դենյովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ինչո՞ւ եք կառչել նրա արտաքին տեսքից։ Ինչո՞վ է ձեզ խանգարում նրա տաղանդը։ Իսկ այդ «անարգանքը», որի մասին Դուք խոսում եք, ի՞նչ իրավունք ունեք, ո՞վ է Ձեզ ժողովրդավարական մանդատ տվել Ձեր կեղտոտ մեղադրանքների համար»,- գրել է Դենյովը։
Ի պաշտպանություն Դեպարդիեի հանդես է եկել նաեւ ֆրանսիական կինոյի մեկ այլ վաստակավոր դերասանուհի Բրիջիթ Բարդոն։ «Թեկուզ նա սիրում է ցլամարտ, դա նրան չի խանգարում լինել հիանալի դերասան, որը ներկայացնում է Ֆրանսիան իր հանրահայտությամբ եւ բացառիկ փառքով»,- նշել է Բարդոն։




























