Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մեկնարկել է «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարը: Համագումարի օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը` 2013թ փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների «Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշման արտահայտում, զեկուցող՝ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյան: Ինչպես նաեւ կհաստատվի ՕԵԿ վարչության կազմը, կընդունվի 11-րդ արտահերթ համագումարի հայտարարություն:
«Օրինաց երկիր» կուսակցության համագումարին հրավիրված են միայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Հանրապետական կուսակցությունից համագումարին ներկա կլինի Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ այլն:
Համագումարին մասնակցում է 2242 պատվիրակ, ովքեր ՕԵԿ անդամներ են, մարզային կառույցների ներկայացուցիչներ: Թե ինչու են միայն «Հանրապետականներին» հրավիրել, ՕԵԿ ներկայացուցիչները չեն մեկնաբանում՝ նշելով, որ համագումարից հետո մարդիկ կհասկանան:



























