Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Անգարսկ քաղաքում երեխայի առեւանգումը խճճված սիրո հետեւանք է, հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեում։ Իրկուտսկի մարզում կինը՝ կազմակերպելով նորածնի առեւանգումը, մտադիր էր նրան ներկայացնել որպես իր դուստր՝ տղամարդուն իր կողքին պահելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ծննդատնից անհետացել էր նորածին մի աղջիկ։ Նրան պատվաստման պատրվակով տարել էր բժշկական թիկնոցով եւ դիմակով անհայտ անձ։ Երեխային նույն օրն եւեթ հաջողվել էր գտնել։ Երեխային առեւանգող երկու աղջիկները հայտնել են , որ իրենց ընկերուհին մոլորեցրել է իրենց՝ ասելով որ դա իր երեխան է եւ խնդրել է գաղտնի կերպով նրան դուրս հանել բժշկական հաստատությունից, հայտնում է՝ «Վեստի ՖՄ»-ը։
Ինչպես պարզել է ՆՏՎ-ն, առեւանգողներին հայտնաբերելու գործում օգնել է նրանց տանող տաքսու վարորդը։ Նա ցույց է տվել այն տունը, որտեղ իջեցրել էր երեխան ձեռքներին երկու կանանց։ Վերջիններս, ինչպես հետո է պարզվել, աղջնակին հանձնել են իրենց ընկերուհուն, ով խնդրել էր բերել երեխային՝ բացատրելով, որ նորածնին լույս աշխարհ է բերել ինքը, բայց ոչ իր ամուսնուց, որի մասին չէր ուզում պատմել իր կողակցին։
Պատմությունը բացարձակ հորինված էր։ Կասկածյալը երբեք էլ հղի չէր եղել, եւ նորածինն անհրաժեշտ էր՝ սիրեկանին շահագործելու համար։
Տղամարդը, ում պատճառով պատահել է այս քրեա-սիրային պատմությունը, ընկերուհու մտադրությունների մասին ոչինչ չգիտեր։ Կնոջը դեռ հսկողության տակ են պահում, իսկ նրա հետ համագործակցող կանանց չեն կալանավորել։




























