«Ազատություն» կուսակցության այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ընթացող համագումարում, կուսակցության անդամ Վարդան Մարգարյանը կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունն է առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում:
«Ազատություն» կուսակցության այս որոշումն ընդունվել է ծափահարություններով:
«Ես կարծում եմ, որ իմ այս որոշումը չի անդրադառնա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերություննրի վրա եւ, կարծում եմ, որ մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Դուք դա տեսնում եք, ուղղակի կան «պրինցիպներ», որոնք չեն փոխվում»,-հայտարարել է Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ ակնկալում է, որ իր թեկնածությունը կպաշտպանեն ՀԱԿ-ի մաս կազմող եւ ՀԱԿ-ից հեռացած ուժերը:
Նշենք, որ օրեր առաջ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ մտադիր է առաջադրվել նախագահի թեկնածու եւ այդ առաջադրոմը ՀԱԿ-ի կողմից չի լինելու: Նա խոստացել էր հանել թեկնածությունը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Բագրատյանն իր այդ որոշումը բացատրել էր ընտրություններում արեւմտյան արժեքներ դավանող թեկնածուի մասնակցության անհրաժեշտությամբ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն, իր հերթին, դեկտեմբերի 22-ին, ՀՀՇ համագումարում հայտարարել է, որ իր որոշման մասին կհայտնի մի քանի օր անց:




























