Խոշոր տնտեսվարողներին զգուշացրել ենք, որպեսզի Ամանորից առաջ գնային չարաշահումներ չկատարեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներ, որոնցում կան նաեւ գերիշխող դիրք գրավող խոշոր ընկերություններ, գտնվում են հանձնաժողովի մշտական հսկողության ներքո: Այսինքն՝ Հանձնաժողովը նաեւ կանխարգելիչ գործառույթ է իրականացնում:
«Այն 28 ապրանքային շուկաներում, որոնք սոցիալական նշանակություն ունեն, սակայն նաեւ՝ բարձր կենտրոնացվածություն, գնային փոփոխություններ չենք արձանագրել: Փոքր գնային փոփոխություններ կան կաթնամթերքի մասով՝ այս 2 օրերի ընթացքում, ուսումնասիրություն ենք սկսել, հրավիրել ենք Հանձնաժողով «Աշտարակ կաթի» ներկայացուցիչներին: Մոտ 3 դրամի չափով թանկացել է ձուն; Կան շուկաներ, որ գնի նվազում է նկատվում, օրինակ՝ ձիթապտղի, ոլոռի, շաքարավազի»,- ասաց Ա. Շաբոյանը:





























