Հայաստանի 5-րդ գումարման Ազգային Ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Parliamentmonitoring.am կայքի փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանը ԱԺ առաջին նստաշրջանի ընթացքում բացակայել է բոլոր 64 քվեարկություններից: Ցանկում երկրորդը Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանն է` 57 բացակայություններով: Նշենք, որ Դեմիրճյանն առողջական խնդիրներ ունի եւ մի քանի անգամ վիրահատվել է: Երրորդ տեղում` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն է, ով բացակայել է 46 քվեարկություններից:
Չորրորդը ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանն է (45), նրան հաջորդում են ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը (44), ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը (35), անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը (29), ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը (26 բացակայություն):
Ցանկում 8-րդը` ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն է, ով բացակայել է 25 քվեարկություններից, իսկ տասնյակը եզրափակում է ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը` 24 բացակայություններով:
«Բարգավաճ Հայաստանը» բացակայող պատգամավորների առաջին տասնյակում բացարձակ առաջատար է, ունի 7 ներկայացուցիչ:





























