Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել էր, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում եւ հոկտեմբեր ամսից սկսած այն շարունակելու եւ նպաստից իրեն չզրկելու համար Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանն իրենից պահանջել է մեկ ամսվա հասանելիք 35.000 դրամ գումարը որպես կաշառք:
Ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ա. Բաղդասարյանը քաղաքացուհուց Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում 35.000 դրամ գումարը որպես կաշառք ստանալուց հետո փաստով բռնվել եւ բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ բացահայտվել է երկու հանցադրվագ եւս. դեկտեմբերի 25-ին Մասիս քաղաքի մեկ այլ բնակչուհի ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ 2012 թ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայությունից «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 21.500 դրամ կաշառք:
Նույն օրը Մասիս քաղաքի մեկ այլ բնակիչ հայտարարություն է տվել, որ 2011-2012 թթ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայության ցուցակներում մնալու եւ «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին անձամբ կամ «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 160.000 դրամ կաշառք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:





























