Հայաստանի տնտեսության համար 2012 թ. հաջողված է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ տարվա ամփոփ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Մասնավորապես՝ նոյեմբերի տվյաներով արդյունաբերության ծավալները գերազանցում են 1 տրլն դրամը՝ առաջին անգամ հետխորհրդային ժամանակահատվածում:
Ըստ Տ. Դավթյանի՝ տարին կհաջողի ամփոփել ցուցանիշներով, որ էականորեն ավելի բարձր կլինեն, քան պլանավորվել էր բյուջեի մասին օրենքով: Այսինքն՝ բյուջեի հիմքում դրված ՀՆԱ 4,6% աճի փոխարեն տարեկան աճը կլինի 7%-ի շրջանակներում: «Ուրախալի է, որ առավել արագ եւ առաջանցիկ տեմպերով են զարգացել իրական հատվածի ճյուղերը»,- ասաց Տ. Դավթյանը:
Նախարարը նաեւ հիշեցրեց, որ կառավարությունը արդյունաբերության 5 ոլորտների համար հաստատել է զարգացման ծրագրեր՝ ճշգրիտ մեքենաշինություն, գինեգործություն եւ կոնյակագործություն, թեթեւ արդյունաբերություն, դեղագործություն, ոսկերչություն եւ ադամանդագործություն: «Պատահական չէ, որ այս ոլորտներն են արձանագրել առաջանցիկ տեմպեր: Զարգացումները շարունակական կլինեն 2013-14 թ.թ.»,- նշեց Տ. Դավթյանը:




























