Հայաստանի եւ Դանիայի միջեւ երկկողմանի գործընկերությունը մի քանի ուղղություն ունի. դա առաջին հերթին, մշակութային կապերի զարգացումն է, գործարարության եւ առեւտրի բնագավառներում, նաեւ հյուպատոսների մակարդակով գործընկերությունն է։ Այս մասին NEWS.am թղթակցին հայտարարել է Դանիայի պատվո հյուպատոս, «Գրանդ Տորնտոն Ինթերնեշնլ» ընկերության գործադիր տնօրեն Արման Պինարբասին։
2012 թվականին ապրանքաշրջանառության ծավալների մասին հարցին ի պատասխան, նա նշել է, որ հյուպատոսարանը դեռեւս պաշտոնական տվյալներ չունի, բայց 2011 թվականին Հայաստանը դարձել է Դանիայից արտահանված ապրանքների ծավալով թվով 131-րդ երկիրը։ Արտահանված ապրանքի ծավալը կազմել է 35 մլն. դանիական կրոն, որը կազմում է դանիական արտահանվող ապրանքների 0,01%-ը։ Հայաստանից Դանիա ներմուծված ապրանքների ծավալը 2011 թվականին զգալի չի եղել։
Ինչպես նշել է Արման Պինարբասին, Դանիայում Հայաստանի դեսպանատան բացման պահից նախաձեռնվել են որոշ միջոցառումներ՝ զարգացնել երկու երկրների միջեւ գործնական կապերը։ «Հիմնական նպատակը հանդիսանում է գործնական շրջանակներում իրազեկության մեծացումը քանի որ հնարավոր առեւտրի մասին տեղեկությունները քիչ են։ Այս նպատակով կգործեն առեւտրական ինստիտուտներ, իսկ դիվանագիտական ինստիտուտները կաշխատեն երկկողմանի հարաբերություններն ավելի արդյունավետ զարգացնելու համար»,- ընդգծել է պատվո հյուպատոսը։




























