ՀՀ ՊՆ N զորամասի պարենային ծառայության պետը` Կ.Բ-ն, գտնվելով նախնական համաձայնության մեջ ճաշարանի խոհարարներ `Ռ. Գ-ին եւ Վ. Հ-ի հետ, նրանց հատկացրել են քիչ քանակությամբ պարենային ապրանքներ, ինչ արդյունքում ստացվել է 112.888 ՀՀ դրամի պարենային ապրանքների ավելցուկ, որը զորամասից դուրս հանելու մտադրություն են ունեցել: Ավան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Կ. Բ-ին, Ա. Մ-ին, Ռ. Գ-ին եւ Վ- Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Կ. Բ-ը զինծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պարենային ծառայության պետ, կոչումով կապիտան, հանդիսանալով պաշտոնատար անձ` պաշտոնական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց հետ յուրացրել է ՊՆ սննդամթերքը: Նա նույն զորամասի պարենային պահեստի պահեստապետ, ենթասպա Ա. Մ-ի հետ նախնական համաձայնության գալով յուրացման եղանակով զգալի չափի սննդամթերք հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, զորամասի ճաշարանի սննդամթերքի հատկացման գործընթացի ժամանակ, համապատասխան փաստաթղթերում արձանագրելով սննդամթերքի սահմանված չափաքանակները, նախնական պայմանավորվածության համաձայն ճաշարանի խոհարարներ `Ռ. Գ-ին եւ Վ. Հ-ին հատկացրել են քիչ քանակությամբ` վերջիններիս օժանդակությամբ առաջացնելով զգալի չափի, ընդհանուր առմամբ 112.888 ՀՀ դրամի պարենային ապրանքների ավելցուկ, որը տեղափոխել եւ թաքցրել են պարենային պահեստի հարակից սենյակում` հետագայում զորամասի տարածքից դուրս հանելու նպատակով, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չեն հասցրել, քանի որ ԵԿՌՈ բաժնի աշխատակիցները հայտնաբերել են պարենային ապրանքները: Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:
Քրեական գործ է հարուցվել 179 հոդվածի 2-րդ մասի 1 եւ 2-րդ կետերով` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000 պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Իսկ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 25-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























