Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ելույթ է ունեցել ի պաշտպանություն Իսրայելի Եվրամիություն մուտք գործելուն։ Ինչպես հայտարարել է Բեռլուսկոնին իր իսրայելցի գործընկերոջ՝ Բենիամին Նաթանյահուի հետ հանդիպմանը, Իտալիան Իսրայելին դիտարկում է որպես եվրոպական երկիր։
«Իմ մեծագույն ցանկությունը Իսրայելին ԵՄ ընդունելն է, եւ ես դրա համար կներդնեմ բոլոր ուժերս, քանի դեռ կարեւոր դերակատարություն ունեմ քաղաքականության մեջ»,- հայտարարել է Բեռլուսկոնին։
Ինչպես նկատել է Նեթանյահուն, Իտալիայի վարչապետը «Իսրայելի մեծագուն բարեկամն է»։
«Մենք աշխատելու ենք Իսրայելի եւ Իտալիայի միջեւ ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը։ Ես կարծում եմ, որ աշխարհում քիչ ժողովուրդներ կան, ում ավանդը քաղաքակրթության մեջ կարող է համեմատվել մեր ժողովուրդների ունեցած ավանդի հետ։ Հռոմում եւ Երուսաղեմում են դրվել արեւմտյան քաղաքակրթության հիմքերը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նա նաեւ հայտնել է, որ Բեռլուսկոնիի եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է մի շարք երկկողմ համաձայնագրերի ստորագրում էներգետիկայի, շրջակա միջավայրի եւ առողջապահության ոլորտներում։
Այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի կունենա երկու երկրների կառավարությունների համատեղ նիստ, որից հետո Բեռլուսկոնին ելույթ կունենա Կնեսետի առջեւ։




























