Ադրբեջանում երկու սպաներ ձերբակալվել են Դաշքեսանի շրջանի զորամասում կատարված սպանությունների հետ կապված: Այս մասին հաղորդում է պետական «Ազերթաջ» գործակալությունը:

Հայտնի են ձերբակալվածների անունները: Դա դիվիզիայի հրամանատարի տեղակալ, մայոր Վալադ Գուրբանովն է եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռուստամ Ահմեդովը: Զինծառայողները մեղադրվում են նրանում, որ չեն հետեւել այն զենքին, որը բաժանել են զինվորներին՝ մաքրելու համար: Թե կոնկրետ որ հոդվածով է նրանց մեղադրանք առաջադրվել, դեռ հայտնի չէ: Ավելի վաղ, այդ փաստի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել` «դիտավորյալ սպանություն» հոդվածով:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին, որի արդյունքում սպանվել են 6 զինծառայողներ: Ավտոմատներով զինված երկու զինվորներ կրակ էին բացել իրենց ծառայակիցների վրա, որի արդյունքում 4 հոգի զոհվել էին, երկուսը` վիրավորվել: Դրանից հետո նրանք ինքնասպան էին եղել: Չճշտված տեղեկատվության համաձայն, զինվորները նման քայլի են գնացել այն պատճառով, որ զորամասում ենթարկվել են ստորացումների եւ ճնշումների:

Նշենք նաեւ, որ այս դեպքը միակը չէ ադրբեջանական բանակում, սակայն քանի որ այս անգամ զոհերը շատ են եղել, խնդիրն անգամ խորհրդարանի քննարկման թեմա է դարձել: