Առաջիկա 3-6 ամիսների ընթացքում «Ալ-Քաիդա» կազմակերպությունը կամ նրա դաշնակիցները փորձելու են նոր ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ-ի տարածքում: Նման հայտարարությամբ, ըստ The Washington Post թերթի, այսօր հանդես են եկել ամերիկյան հատուկ ծառայությունները՝ ԱՄՆ Սենատի հետախուզության հատուկ կոմիտեի լսումների ժամանակ՝ նվիրված երկրի անվտանգության սպառնալիքների քննարկմանը:

Այդ կապակցությամբ հատուկ ծառայությունները պաշտոնյաներին կոչ են անում առավելագույն զգուշություն դրսեւորել ահաբեկչության մեջ կասկածվողների հետ աշխատանքում: ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի խոսքով, «Ալ-Քաիդան» լայնամասշտաբ գործողություն է ծրագրում, որի արդյունքը կարող են լինել ահռելի քանակությամբ զոհերը կամ ԱՄՆ տնտեսությանը հասցված զգալի վնասը:

Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները նաեւ նշել են, որ ոչ միայն ահաբեկիչների կողմից ֆիզիկական սպառնալիք են տեսնում, այլ կիբերհարձակումների հնարավորություն: Ընդ որում, ինչպես նշվել է, Google ընկերության հետ վերջին իրադարձությունները յուրօրինակ «գործողությունների կոչ են»:

Որպես ԱՄՆ անվտանգության հնարավոր վտանգներ՝ լսումների մասնակիցները նշել են նաեւ իրանական եւ հյուսիսկորեական ատոմային ծրագրերը, տարբեր հանցագործ խմբավորումներն ու տնտեսական ճգնաժամը: