Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստանի» առաջնորդ Նինո Բուրջանաձեն անհանգստացած է, որ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին Թբիլիսիից ոչ ոք պաշտոնապես չի մասնակցել:

Ամփոփելով համաժողովի արդյունքները, որտեղ նա մասնակցել է հյուրի կարգավիճակով, Բուրջանաձեն հայտարարել է, թե այն ժամանակ, երբ առաջավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Դավոսի համաժողովն էր, վրացական լրատվամիջոցներում այդ մասին ոչինչ չի ասվել: «Անհանգստացնում է, որ արդեն երկրորդ տարին է՝ Վրաստանի պաշտոնական իշխանություններից ոչ ոք չի մասնակցում համաժողովին։ Դավոսում ես հասկացա, որ, ցավոք, առաջիկա տարիներին Վրաստանի պաշտոնյաներին ոչ ոք չի հրավիրելու այդ համաժողովին»,- հայտարարել է Բուրջանաձեն: Նրա խոսքով, Վրաստանը միջազգային մեկուսացման մեջ է հայտնվել Միխայիլ Սահակաշվիլիի շնորհիվ:

«Ես երկկողմ հանդիպումներ եմ ունեցել բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ, եւ դրանց ընթացքում համոզվեցի, որ մենք կորցնում ենք տարածաշրջանում կարեւոր երկրի դերը»,- Բուրջանաձեի խոսքերն է մեջբերել «Կավկազ պրեսը»:

Ըստ Բուրջանաձեի՝ Դավոսում ակնհայտ է դարձել, որ Սահակաշվիլիի պատճառով Վրաստանի մասին ձեւավորվել է անկայուն երկրի վարկ, այդ պատճառով էլ ներդրումները դադարեցվել են: