Հունվարի վերջին բանտերի իրադրության դիտարկման նոր խումբ կհավաքագրվի: Պատժի իրագործման, պրոբացիայի եւ իրավաբանական օգնության նախարարի տեղակալ Սոֆո Ջափարիձեն հայտնել է, որ խմբի ձեւավորման վերաբերյալ ոչ կառավարական հատվածի առաջարկները կընդունվեն մինչեւ հունվարը 14-ը, որից հետո կսկսվի խմբի հավաքագրումը:
Ըստ նրա` առայժմ հայտնի չէ, դիտարկման խմբում կլինեն արդյոք լրագրողներ եւ փաստաբաններ: Ջափարիձեն նաեւ նշել է, որ խորհրդի անդամ կդառնա այն անձը, որը կբավարարի Պատժի իրագործման նախարարության սահմանած պահանջները, հաղորդում է «Գռուզիա Online»-ը: «Խորհրդին անդամակցության համար անհրաժեշտ է իրավաբանի, հոգեբանի, հոգեբույժի, բժշկի կամ սոցիալական աշխատողի հնգամյա աշխատանքային փորձ, կամ էլ` իրավապաշտպանական կազմակերպությունում եռամյա աշխատանքային փորձ», - պարզաբանել է Սոֆո Ջափարիձեն:
Նշենք, որ հայտնի բանտային սկանդալից հետո, որը հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ վերջնականապես գետնին հավասարեցրեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության վարկանիշը, բանտերում իրադրությունը գտնվում է վրացական հանրության ուշադրության կենտրոնում:





























