Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան ապաքինվել է թոքային վարակից, որը նրա մոտ նկատվել էր լեղապարկի վիրահատությունից հետո: «Նախագահ Մանդելան վերականգնվում է: Նրա վիճակը շարունակվում է  բարելավվել»,-հայտարարել է նախագահ Ջեյկոբ Զումայի գրասենյակի ներկայացուցիչը: 94-ամյա Մանդելան դեկտեմբերին հիվանդանոցում գրեթե երեք շաբաթ էր անցկացրել, որից հետո շարունակել էր բուժումը տանը:

Մանեդելան ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահն էր 1994 -1999թթ., եւ շատերը նրան ժողովրդի հայր են համարում:  Վերջին երկու տարում նա արդեն երեք անգամ հայտնվել է հիվանդանոցում: 2004թ-ին նա հեռացել էր հասարակական կյանքից  եւ այդ պահից ի վեր հազվադեպ է հանրությանը երեւում, տեղեկացնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: