Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը, ում մոտ Կուբայում օնկոլոգիական հերթական վիրահատությունից հետո շնչառական ուղիների բարդություններ էին սկսվել, կայունացել է:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասին, Չավեսի վիճակը գնահատվում է որպես «կայունացող»: Նա արդեն քայլում է հիվանդասենյակում եւ կատարում բժիշկների հանձնարարած վարժությունները:
Վերջին 1,5 տարում Չավեսի թվով 4-րդ վիրահատությունն անցկացվել է Հավանայում, դեկտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ Չավեսի պաշտոնակալման արարողությունը նշանակված է հունվարի 10-ին: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ եթե Չավեսը չկարողանա մասնակցել պաշտոնակալման արարողությանը, ապա նա երդում կտա ավելի ուշ՝ Գերագույն դատարանում:
Իսկ ահա երկրի ընդդիմությունը համարում է, որ դա Սահմանադրության խախտում է եւ պահանջում է նոր նախագահական ընտրություններ անցկացնել: Ընդդիմության կարծիքը կիսում է նաեւ Վենեսուելայի կաթոլիկ եկեղեցին:





























