Նորվեգական Հելսինկյան կոմիտեն հաշվետվություն է պատրաստել Նախիջեւանում մարդու իրավունքների խախտման փաստերի մասին։ «Ադրբեջանի սեւ կղզի. Մարդու իրավունքների խախտումները Նախիջեւանում» անվամբ հաշվետվությունը տարածվել է Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ։

Փաստաթղթում գնահատական է տրված ՆԻՀ քաղաքական համակարգին։ Այնտեղ նշվում է նաեւ ՆԻՀ նախագահ Վասիֆ Թալիբովի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ազգակցական կապի մասին։ Խոսվում է նաեւ Թալիբովի իշխանությունը ՆԻՀ տնտեսական ոլորտում, ուր նրան են պատկանում երկու խոշորագույն հոլդինգներ եւ ինքնավարության ԶԼՄ-ները։

Այնուհետեւ նշվում է քաղաքացիների հանդեպ կիրառվող ճնշումների, լրագրողների հանդեպ բռնությունների, զանգվածային ձերբակալությունների մասին։

Փաստաթղթում անդրադարձ է արվել նաեւ Բանայար գյուղի վերջին իրադարձություններին։ Զեկույցի հեղինակները կոչ են արել հետաքննել այդ իրադարձությունները։ Նորվեգական Հելսինկյան կոմիտեն միջազգային հանրությանը կոչ է անում ավելացնել ուշադրությունը մարդու իրավունքներին առնչվող հարցերին եւ քաղաքացիների հանդեպ ճնշումների կիրառմանը։ Կոմիտեն Եվրախորհրդին խորհուրդ է տվել Նախիջեւանի ինքնավար հանրապետության հարցերով զեկուցողի ինստիտուտ հիմնել։

Turan գործակալության հետ զրույցում ՆՀԿ տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Բերիտ Լինդեման հայտնել է, որ իշխանությունները արգելել են Հելսինկյան կոմիտեին մոնիթորինգ անցկացնել Ադրբեջանի ընտրությունների ժամանակ։