Էպատաժային ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկին, ով ներկայումս գտնվում է Կամբոջայի բանտում, նախատեսում է ազատվելուց հետո Կամբոջային հպատակություն խնդրել:

Նրա նախկին գործընկեր Սերգեյ Վլադիի խոսքով Պոլոնսկին Կամբոջայի թագավորի անունով նամակ է հղել, որտեղ ներողություն է խնդրում նրանից եւ կամբոջացի ժողովրդից այն բոլոր տհաճությունների համար, որոնք ինքը պատճառել է նրանց: Ռուս գործարարը գրել է, որ դա թյուրիմացություն է եղել եւ բողոքել է բանտային պայմաններից: Նա նաեւ հայտարարել է, որ իր վրայից մեղադրանքները հանելուց հետո, ինքը ցանկանում է Կամբոջայի թագավորից այդ երկրի քաղաքացիություն խնդրել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Բացի այդ, կա տեղեկատվություն, որ ազատ արձակվելուց հետո, Պոլոնսկին մտադիր է բիզնես սկսել Կամբոջայում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013 թվականի սկզբին Պոլոնսկին եւ եւս երկու ռուսաստանցիներ կալանավորվել են Կամբոջայի առողջարանային Սիանուկվիլ քաղաքում: Նրանք մեղադրվում են մարմնական վնասվածքներ հասցնելու կամ դրա փորձի, ինչպես նաեւ ապօրինաբար ազատությունից զրկելու մեջ: Մեղադրանքում նշված է, որ Ռուսաստանի քաղաքացիները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նավի անձնակազմին սպառնացել են դանակներով, նրանք փակել են անձնակազմի անդամներին սենյակում, իսկ հետո պարտադրել են նավից ջուրը նետվել:

Ռուսները կտրականապես հերքել են մեղադրանքը եւ հայտարարել, որ իրենք կոնֆլիկտ են ունեցել կամբոջացի զինվորականների հետ՝ չափից դուրս ուժեղ ամանորյա հրավառության պատճառով: Կամբոջայի օրենքներով, ռուս գործարարին սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:

Նախօրեին Վլադին հայտնել էր, որ կամբոջացի նավաստիները, որոնց ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկին, իբր, պարտադրել էր նավից դուրս նետվել, ընդունել են նրա ներողությունը եւ համաձայնել են դրամական փոխհատուցման առաջարկին:

Գործարարի նախկին գործընկեր Սերգեյ Վլադին չի հստակեցրել, թե որքան գումար կվճարի Պոլոնսկին նավի անձնակազմին, բայց նշել է, որ խոսքը խելամտությունից դուրս գումարի մասին չէ: