Թուրքիայի Ադանա քաղաքում փետրվարի 2-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել ամերիկյան հյուպատոսության վրա:
Թուրքական Iha կայքէջի փոխանցմամբ` հարձակվողները ավտոմեքենայից կրակահերթ են բացել Ադանայի ԱՄՆ հյուպատոսության ուղղությամբ: Դեպքի վայրից հանցագործները դիմել են փախուստի, սակայն Ադանայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել 6 կասկածյալներին եւ նրանց կողմից օգտագործած զենքերը: Պարզվել է, որ ձերբակալվածները ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման անդամներ են:
Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում Թուրքիայի տարբեր նահանգներում իրականացված համաժամանակյա գործողությունների ընթացքում ձերբակալվել են «Ալ-Քաիդա»-ի անդամակցության մեջ կասկածվող մի քանի տասնյակ անձինք, որոնց մոտից հայտնաբերվել են քարտեզներ` նշագրված հավանական թիրախներով: Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել նաեւ Թուրքիայում «Ալ-Քաիդա»-ի պատասխանատուին:




























