«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունվարի 14-ին դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կայացել: Դոլարը պահանջարկ է վայելել 406.5 դրամով, սակայն առաջարկի նվազագույն փոխարժեքը կազմել է 408 դրամ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջում դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 409 դրամ: Հետեւաբար՝ առկա է դոլարի դիրքերի որոշ թուլացում: 

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի առավել տարածված մարժան է 406-408 դրամը, թեեւ փոխանակման կետերը հակված են իջեցնել դոլարի փոխարժեքը;

Forex միջազգային շուկայում եվրոն շարունակում է թանկանալ դոլարի նկատմամբ եւ սակարկվում է 1,33-1.34 դոլարի սահմաններում: Եվրոյի ամրապնդումը սկսել է Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի անցյալ շաբաթ արած այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ Եվրամիության տնտեսությունը կսկսի վերականգնվել այս տարվանից:

Ռուսաստանի կենտրոնական բանկը մի փոքր բարձրացրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,2607 ռուբլի: