Ուկրաինայի նախագահի թեկնածու, Տարածաշրջանների կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչը անհեռանկարային է համարում միջազգային ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) միավորման գործունեությունը։ Այս մասին նախօրեին հայտարարել է Յանուկովիչը՝ Լուգանսկի շրջան կատարած այցելության ժամանակ։

«Իմ կարծքով, որոշակի չափով կորել է այդ միավորման գործունեության արդիականությունը կամ այդ քաղաքական նախագծի գործնական զարգացումը, քանի որ ես այս 5 տարվա մեջ միայն լսել եմ ոչ լուրջ խոսակցություններ,սակայն ոչ մի հստակ գործողություններ չի իրականացվել»,-հայտարարել է Յանուկովիչը։

Ընդ որում, նախագահի թեկնածուն խոստացել է, որ եթե ընտրություններում ինքը հաղթի, պատրաստ է քննարկել այս եւ այլ հարցեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հաղորդում է «Ունիան» գործակալությունը։

ՎՈւԱՄ միավորումը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ստեղծվել է 1997 թվականին հետխորհրդային հիշյալ երկրների նախագահների կողմից, Ստրասբուրգում՝ Եվրոպայի Միության նստաշրջանի ժամանակ։