Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը հայտարարել է, որ ամբողջությամբ ապաքինվել է շագանակագեղձի քաղցկեղից: «Ես ամբողջությամբ բուժվել եմ, բարեբախտաբար, հետազոտությունը ցույց է տվել, որ շագանակագեղին վերաբերող անտիգենն ինձ մոտ հիմա զրոյական է»,-ասել է 61-ամյա Սանթոսը, հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները:
Հոկտեմբերի սկզբին Կոլումբիայի ղեկավարին հաջողությամբ վիրահատել են Բոգոտայի հիվանդանոցներից մեկում: Այն ժամանակ նրան բուժող բժիշկն ասել է, որ ուռուցքը հայտնաբերվել է այն փուլում, երբ հնարավոր էր բուոժւմն իրականացնել առանց ռադիո եւ քիմիաթերապիայի: Այսպիսով, Սանթոսը հայտնվել է Լատինական Ամերիկայի ներկա ու նախկին այն ղեկավարների շարքում, ում մոտ վերջին տարիներին քաղցկեղային հիվանդություններ էին ախտորոշվել:
Այսպես, 2012 թվականի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին, ով 25 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով, տառապում է բերանի քաղցկեղով: Ավելի վաղ Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյի մոտ լիմֆոմա են ախտորոշել (լիմֆոցիտները վարակող քաղցկեղ): Բուժման համար նա մի քանի կուրս քիմիաթերապիա է անցել, հաղորդում է NEWSru.com-ը:
2012 թվականի հունվարի սկզբին հիվանդանոցը լքել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, ում մոտ նախկինում վահանագեղձի աջ մասում կարցինոմա էին ախտորոշել:
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվայի մոտ էլ կոկորդի քաղցկեղ էին հայտնաբերել 2011-ի հոկտեմբերի վերջին, որից հետո նա բուժման կուրս էր անցել Սան Պաուլուի հիվանդանոցում:
Ամենից վատ վիճակը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ է, ում մի քանի անգամ վիրահատել են Կուբայում: Ներկայումս նա հերթական վիրահատությունից հետո դեռ գտնվում է Հավանայում:





























