«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունն այսօր ավելի մեծ է, քան, ասենք, մեկ տարի առաջ: Սակայն ես կասկածում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմին: Նաեւ միջազգային հանրությունը մտադիր չէ սադրել Բաքվին, քանի որ շահագրգռված է տարածաշրջանում կայունությամբ»:
Այդ մասին հայտարարել է արցախյան պատերազմի վետերան, հայտնի նկարիչ Ալբերտ Սարգսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին:
«Պաշտոնական Բաքուն, որպես կանոն, ամրագրում է իր սպառնալիքները „ՄԱԿ-ի չորս բանաձեւերով“՝ խիստ միակողմանի մեկնաբանելով դրանք: Միեւնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հասկացրեց, որ ՄԱԿ-ը ուղղակի ներքաշված չէ ղարաբաղյան հակամարտության գործընթացում եւ առաջատար դերը պատկանում է ԵԱՀԿ-ին»: Այսինքն, ոչ երկիմաստ պաշտոնական Բաքվին բացատրել է, որ ձեռք քաշի ՄԱԿ-ից եւ դադարի շահարկել կազմակերպության անունն ու փաստաթղթերը: Ինչ վերաբերում է մեզ, մենք նահանջելու տեղ չունենք, պաշտպանելու ենք մեր հողը",- ամփոփեց Ալբերտ Սարգսյանը:



























