Ալժիրում պետական նավթագազային ընկերության օտարերկրացի եւ տեղացի աշխատակիցների պատանդառության գործողությունը ղեկավարում է Հյուսիսային Աֆրիկայում հայտնի գրոհային Մոհթար Մելմոհթարը՝ «Միսթեր Մալբորո» մականունով:

40-ամյա ալժիրցի Մոհթար Բելմոհթարը, ով Աֆղանստանում կռվել է խորհրդային զորքերի դեմ, վերջին տարիներին գլխավորել է «Քարոզի եւ ջիհադի սալաֆիների խումբը», որը հայտնի է Հյուսիսային Աֆրիկայի երկրների դեմ ուղղված ահաբեկչություններով, պատանդներ վերցնելով եւ օտարերկրացիների սպանություններով: Տարբեր գործերով Ալժիրի դատարանը նրան մի քանի անգամ դատապարտել է մահապատժի, բոլորն էլ՝ հեռակա կարգով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Միսթեր Մալբորո» մականունը Բելմոհթարն ստացել է ծխախոտի խոշոր քանակի մաքսանենգության համար: 1991-ին, Աֆղանստանում, 19 տարեկան հասակում նա բեկորային վնասվածք է ստացել եւ զրկվել աջ աչքից, որի համար ստացել է նաեւ «միաչքանի» մականունը:

Որոշ ժամանակ առաջ Բելմոհթարը կոնֆլիկտ է ունեցել «Ալ Կաիդայի» տեղի կառույցի առաջնորդների հետ եւ նա հիմնել է սեփական ծայրահեղական խմբավորումը, որն ստացել է «Արյունով ստորագրված» անունը: Այս խմբավորման գրոհայիններն էլ հենց իրականացրել են հարձակումը նավթագազային ընկերության աշխատակիցների վրա:
Հիշեցնենք, որ Լիբիայի հետ սահմանի մոտ գտնվող նավթագազային ընկերության օբյեկտում, գրոհայինները պատանդ են վերցրել 41 օտարերկրացիների, այդ թվում ամերիկացիների, բրիտանացիների, իռլանդացիների, ֆրանսիացիների, ճապոնացիների, նորվեգացիների եւ մալացիներին: Տեղեկություն է հայտնվել, որ նրանց շարքում կա նաեւ Հայաստանի քաղաքացի:

Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ալժիրական APS գործակալությունը, 30 ալժիրցիներ դուրս են վազել շենքից, որտեղ ահաբեկիչները նրանց պահել են մեկ օրից ավելի, իսկ ահա օտարերկրացի պատանդներն ազատ չեն արձակվել: