Երեկ` հունվարի 16-ին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու «Վերահսկվող ներդրումներն ագրոպարենային ոլորտում որպես հիմնական գործոն պարենի ապահովության եւ գյուղատնտեսության զարգացման համար» խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 5-րդ համաշխարհային համաժողովին։ Համաժողովը համընկնում է «Բեռլինյան կանաչ շաբաթ» 78-րդ ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, որին, ի թիվս մասնակից ավելի քան 70 երկրների, առանձին տաղավարով մասնակցում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Գերմանիայի Միջազգային համագործակցության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ մեր երկիրն այնտեղ ներկայացված կլինի ագրոպարենային ոլորտի 15 ձեռնարկությունների արտադրանքով (կոնյակ, գինի, հյութեր, պահածոներ)։
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարական համաժողովի առաջին օրը, փորձագիտական խմբի քննարկումներին մասնակցելուց բացի, Սերգո Կարապետյանը կհանդիպի նաեւ Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերեյթի հետ։ Երեկոյան նա կմասնակցի «Բեռլինյան կանաչ շաբաթ» միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, կծանոթանա ցուցահանդեսին, կլինի հայկական թաղամասերում:
Ավելի ուշ Սերգո Կարապետյանին կընդունեն Գերմանիայի Դաշնության Պարենի, գյուղատնտեսության եւ սպառողների շահերի պաշտպանության ֆեդերալ նախարար, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Իլսե Այգները եւ ցուցահանդեսի գործընկեր երկիր Նիդեռլանդների թագավորության գյուղատնտեսության նախարար Կո Վերդաասը։ Հանդիպումների ընթացքում կշոշափվեն Հայաստանի եւ նշված երկրների միջեւ համագործակցության հեռանկարների եւ վերջիններիս իրականացմանն առնչվող հարցեր։





























