Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր` հունվարի 17-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելության պատվիրակության հետ:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, կարեւորելով դիտորդական առաքելությունների անգնահատելի դերն ու նշանակությունն ընտրությունների ընթացքում, Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահը հատկապես կարեւորել է ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված մասնագիտական դասընթացները, հանրային իրազեկման եւ հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Կարին Ուոլդսետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է գալիք ընտրություններում առաքելության նպատակները: