Ֆրանսիացիներին նոր տեսակի գինիներով զարմացնել հնարավոր չէ, սակայն ամբողջ Ֆրանսիայում հայտնի երկնաքարերի որսորդներ Բրյունո Ֆեկտաին եւ Կարին Բիդոյին դա, կարծեք, հաջողվել է. մինչ այժմ դեռ ոչ ոքի գլխում միտք չի ծագել գինի արտադրել լուսնի փոշուց կամ մարսյան հողից։

«Ֆիգուրալ ասած՝ մենք Լուսինն ու Մարսը սնունդ արտադրելու համար պիտանի ենք դարձրել: Շատերը լուսնին նայում են աստղադիտակի օգնությամբ, ուսումնասիրում են նրա կառուցվածքը, բայց մարդկանց հնարավորություն է տրվել առաջին անգամ զգալ Երկրի արբանյակի համը»,-«Ֆրանսպրես» գործակալությանը պատմել է Ֆեկտաին:

 Խմիչքն արտադրվում է արտոնագրված տեխնոլոգիաների միջոցով, որի հիմքում ընկած է ռեգոլիտի եւ մարսյան հողի ճզմումը, որը մշակել է Արեւմտյան Բրետանի  համալսարանի պրոֆեսոր Ժան Ալիքս Բարի կողմից։ Որպես հումք, օգտագործվել են երկնաքարեր, որոնք Ֆեկտաին եւ Բիդոն իրենց կյանքի ընթացքում հավաքել են Ֆրանսիայից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։    

Արտադրման գործընթացի մանրամասները խիստ գաղտնի են պահվում։ Հայտնի է միայն, որ սկզբում երկնաքարերը կոտրում են՝ վերածելով դրանք փոշու, որը հետո խառնում են հանքային ջրի հետ։ Ապա տեխնոլոգիայի միջոցով «լուսնա-մարսյան» հեղուկը խառնում են արդեն պատրաստի կարմիր գինու հյութի հետ։

Բացի այդ, Ֆեկտաին եւ Բիդոն արտադրել են նաեւ սիգարների հավաքածու, որոնք իրենց մեջ պարունակում են լուսնային եւ մարսյան փոշի։

Սովորական խանութներից «այլմոլորակային» գինի գնել չի հաջողվի։ Գինիների եւ սիգարների մեծ մասը գնվել է դեռ արտադրման փուլում։ Մնացածները մեծ արագությամբ կվաճառվեն աճուրդների ժամանակ։