Առաջիկա տարիներին միջազգային ավտոարդյունաբերությանը ուժերի լուրջ վերախմբավորում եւ բիզնես մոդելների էական ճշգրտումներ են սպասվում: Այդպիսին է ոլորտի թոփ մենեջերների կարծիքը, որոնց շրջանում հարցումներ է անցկացրել միջազգային խորհրդատվական KPMG ընկերությունը:
Հարցվածների 81%-ը ավտոմեքենաների միջազգային շուկայում առաջիկա հինգ տարիներին արտադրանքը մեծացնելու ամենամեծ հնարավորությունները տեսել է գերմանական «Volkswagen»-ի մոտ: Երկրորդ տեղում 70%-ով գերմանական «BMW»-ն, նույնքան էլ բաժին է ընկել Արեւմուտքում ոչ այնքայն հայտնի չինական «BAIC» ընկերությանը:
Չորրորդ տեղում է ճապոնական «Toyota» կորպորացիան, որին հաջորդում է կորեական «Hyundai/Kia»-ն, չինական երեք ընկերություններ` «SAIC», «FAW» եւ «Geely», ճապոնական «Nissan»-ը եւ հնդկական «Tata» կոնցեռնը, որին պատկանում են բրիտանկան «Jaguar»-ն ու «Land Rover»-ը, գրում է «Ավտոռամբլերը»:
Թոփ մենեջերները կարծում են, որ ուժերի գլոբալ համախմբան արդյունքում իրենց դիրքերն էապես կամրապնդեն ասիական պետությունները եւ աճող շուկայով պետությունները: Բրազիլիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում եւ Չինաստանում արտադրվող մեքենաները, որոնք առաավելապես տեղական շուկայի համար են, 2018 թ-ին ամբողջությամբ կհամապատասխանեն զարգացած երկրների որակի չափանիշներին, եւ նրանց արտահանումը կաճի:
Միաժամանակ, զարգացած երկրներում աճում է ոչ մեծ եւ էկոլոգիական մեքենաների պահանջարկը:




























