Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է այսօր` հունվարի 21-ին: NEWS.am-ի թղթակիցը նախագահի թեկնածուներից հետաքրքրվել է, թե ինչպես են ազդարարելու քարոզարշավի մեկնարկը, ինչ միջոցառումներ են անցկացնելու: Արդյունքում շատ հետաքրքիր պատկեր է ստացվել` դասական քարոզարշավից` որեւէ մարզ, շրջան այցելելուց մինչեւ տնից քարոզարշավը սկսել, խորոված անել եւ հացադուլ հայտարարել:
Այսպես, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավը սկսելու է Երեւանից: Այսօր` ժամը 17.00-ին Մելիք Ադամյան փողոցում գտնվող Կառավարության ընդունելությունների տանը կլինի հանդիպում, հնչելու է նախընտրական երգը, իսկ ժամը 18.00-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Ավան վարչական շրջանի ընտրողների հետ: Հունվարի 22-ին Սերժ Սարգսյանը մեկնելու է Սյունիքի մարզ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քարոզարշավը սկսելու է Վերին Արտաշատից, որտեղ ընտրողների հետ կհանդիպի ժամը 14.00-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի քատուղար Կարինե Հարությունյանը:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը իր քարոզարշավը սկսելու է այսօր ժամը 12.00-ից` Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտ: Միջոցառում է լինելու, սակայն մանրամասները դեռեւս չեն բացահայտում:
Մի քանի թեկնածուներ հանդես կգան յուրօրինակ քարոզարշավով: Օրինակ` քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը այսօրվանից կհայտարարի անժամկետ հացադուլ եւ կնստի որեւէ հրապարակային վայրում: Էպոսագետ ներկայացող անկուսակցական նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը այսօր առավոտյան հանդես կգա մամուլի ասուլիսով, այնուհետեւ իրենց տանը խորոված կանի եւ կհրավիրի ընտանիքի անդամներին, մտերիմներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Սեդրակյանը: Նա չի պատրաստվում գնալ մարզեր, մարդկանց հետ հանդիպել, ձեռք սեղմել, կհանդիպի իր թիմի անդամների հետ:
ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ԿԸՀ` իր դիմումը մերժելուց հետո, դեռեւս մտածում էր` սկսել քարոզարշավ, թե ոչ, ինչ ձեւաչափով անել, երբ եւ որտեղ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ԿԸՀ-ը որոշումը մտորելու տեղիք է տվել եւ մտածում են, թե ինչպես լրացնել իրենց մարտավարությունը: Արման Մելիքյանը նշեց, որ քարոզարշավը չեն վարելու իրենց պարտադրված սկզբունքներով, եւ չի բացառվում նաեւ, որ քարոզարշավի չմասնակցեն:
«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քարոզարշավը սկսելու է իրենց տնից, այսինքն` տնից դուրս գալուց: Նա նշեց, որ քարոզարշավի վերջին 10 օրն են այցելելու մարզեր` հավաքներ անցկացնելու, իսկ առաջին օրերին եթերով են քարոզարշավ անելու, հեռուստաելույթներով փորձելու է նախապատրաստել ժողովրդին:
«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ այսօր Հայաստանի տարբեր քաղաքներից իր մարդիկ` մոտ 400 հոգի, կսկսեն տարածել քարոզչական նյութեր` գրականություն, ֆիլմեր: Ինքը կհետեւի, թե ինչպես են ընթանում աշխատանքները, ելույթներ կունենա հեռուստատեսությամբ: Պարույր Հայրիկյանը ամեն մարզ անձամբ չի այցելի: Նա նշեց, որ իրեն ներկայացնելու կարիք չկա, ընդամենը մարդկանց պետք է հիշեցնել, որ ընտրություններին մասնակցում է նաեւ Հայրիկյանը, եւ եթե արժանի եք Հայրիկյանին, ձեր ձայնը տվեք նրան: Հունվարի 25-ին էլ Երեւանում նախատեսվում է Պարույր Հայրիկյանի հանրահավաքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնակցում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:




























