Թուրքիայում ավանդույթ է դարձել ճղճիմ մարդասպաններին մեծարելն ու հարգելը: Հերթական դեպքը եւս դրանցից մեկն է: Պոլսահայ հայտնի հասարակական գործիչ, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամաստը բանտում ամուսնացել է:

Թուրքական Ihlassondakika-ի փոխանցմամբ` ոճրագործ Օգյուն Սամաստը Քոջաելի քաղաքի խիստ պահպանվող բանտում ամուսնացել է Սելմա Շահինի հետ: Ամուսնությունը բանտում կազմակերպել եւ կնքահայր է հանդես եկել Աչաքեսեյի գյուղապետ Մեւլութ Աքդենիզը, իսկ որպես հարսանեկան վկաներ` անվտանգության աշխատակիցները: Գիրեսունից բանտ էին ժամանել նաեւ մարդասպանի բարեկամները:

NEWS.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 2-ին էլ Հրանտ Դինքի սպանության համար ձերբակալված Էրհան Թունջելը դիմել էր պետական թիկնապահական ծառայության աշխատանքի համար անցկացվող մրցույթին։

Թունջելին անվտանգության խիստ հսկողության տակ բանտից տեղափոխել են Թեքիրթաղի դատարան, որտեղ տեղի է ունեցել աշխատանքի համար բանավոր հարցազրույցը եւ այնուհետ կրկին տեղափոխել են բանտ։ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Թունջելը երեք օրվա մեջ կտեղեկանա բանավոր քննության արդյունքների մասին։

Իսկ 2009-ի դեկտեմբերին էլ թուրքական դատարանը արդարացման վճիռ էր կայացրել Հրանտ Դինքին սպանողներին գովերգող երգի հեղինակին: