Հրապարակվել են Ալժիրի Ին Ամենաս գազավերմշակման համալիրում պատանդների ազատագրման գործողությունների արդյունքները: Ազատ են արձակվել 107 օտարերկրացի եւ 700 ալժիրցի աշխատակիցներ, 23 պատանդ զոհվել է: Չեզոքացվել է 32 ահաբեկիչ: Մինչ այժմ անհայտ է մոտ երեք տասնյակ պատանդների ճակատագիրը, որոնց թվում են հինգ բրիտանացի, հինգ նորվեգացի, տասը ճապոնացի, ինչպես նաեւ ֆիլիպինցիներ եւ ալժիրցիներ: Նրանք համարվում են անհայտ կորած:
Միաժամանակ Ալժիրի կապի նախարար Մուհամեդ ալ Սաիդը հայտարարել է, որ զոհված պատանդների թիվը կարող է ավելանալ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ հունվարի 16 –ին իսլամիստ ծայրահեղականները Ին Ամենաս քաղաքի մոտ գտնվող գազավերամշակման գործարանում պատանդ էին վերցրել աշխատակիցներին: Հունվարի 19-ին մեկնարկել էր նրանց ազատագրման օպերացիան:
Գործարանում աշխատանքներ էին իրականացնում երեք ընկերություններ` բրիտանական BP-ն, նորվեգական «Statoil»-ը եւ ալժիրյան «Sonatrach»-ը, տեղեկացնում է BFM.RU-ն:





























