Եվրոպայում ձյան տեղումների պատճառով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում չկան հետաձգված կամ հանված չվերթներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը: 

Մի շարք եվրոպական երկրների օդային հաղորդակցումը խախտվել էր ուժեղ ձնաբքի պատճառով: Reuters-ը հայտնում է, որ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում հետաձգվել է 260 չվերթ, այսինքն բոլոր չվերթների գրեթե քսան տոկոսը: Չվերթների ձգձգումները շարունակվում են արդեն երեք օր, նշում է Associated Press գործակալությունը: Փարիզի  «Շառլ դը Գոլ» եւ «Օրլի» օդանավակայաններում ստիպված են եղել հետաձգել չվերթների գրեթե 40 տոկոսը:  Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանը փակվել էր մի քանի ժամով, հայտնում է Die Welt-ը: Չվերթների եւ վայրէջքների քանակը կրճատվել է գրեթե եռակի, չվերթների մի մասը  այլ օդանավակայաններ են ուղարկվել: