Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թ. վերջերին հայտարարեց արդյունաբերական քաղաքականությանն անցնելու մասին: Հավակնոտ գաղափար է, եթե հաշվի առնենք, որ գյուղատնտեսությունը ՀՆԱ-ում ներկայում ավելի մեծ տեսակարար կշիռ ունի, քան արդյունաբերությունը: Օրինակ՝ 2012 թ. երրորդ եռամսյակում գյուղատնտեսական արտադրանքը կրկնակի գերազանցել է արդյունաբերական ընդհանուր արտադրանքին, եւ ավելի քան երեք անգամ՝ մշակող արդյունաբերությանը: Նշենք, որ արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախ է հռչակվել հենց վերամշակող արդյունաբերությունը;

Հիշեցնենք՝ ըստ ռազմավարական ծրագրի Հայաստանի արտահանման ծավալը (առանց հանքահումքային ռեսուրսների) արդեն 2015 թ. պետք է կրկնապատկվի եւ հասնի 700-900 մլն դոլարի, իսկ 2020 թ.՝ 1,3-1,5 մլրդ դոլարի: Որքանո՞վ սա իրատեսական է՝ հաշվի առնելով 2012 թ. արդյունքները: Ընդհանուր առմամբ՝ միջազգային ֆոնը գնալով բարենպաստ է դառնում: Չինաստանում աշխատավարձերը բարձրացել են եւ այդ երկիրը կորցրել է էժան ապրանքներ արտահանելու իր առավելությունը: Բացի այդ՝ նույնիսկ երրորդ երկրները ներկայում պահանջարկ են ձեւավորում շատ թե քիչ որակյալ ապրանքների նկատմամբ, հետեւաբար՝ միջազգային շուկաներում կարելի է եւ պետք է մրցակցել չինական ու հնդկական արտադրանքի հետ: Եթե առաջիկայում տնտեսական կատակլիզմներ տեղի չունենան, ապա Հայաստանի արտահանման պոտենցիալի կրկնապատկումը եւ եռապատկումը գուցե եւ իրատեսական դառնա:

Սակայն, այնուամենայնիվ, 2012 –ի ծրագրի կատարողականը մտահոգիչ է: Արդյունաբերական քաղաքականության ռազմավարական փաստաթղթում ինչ-որ առանձնահատուկ եւ համարձակ (կտրուկ) քայլեր առանց այն էլ չկային, սակայն նույնիսկ ծրագրված երկչոտ քայլերն այնքան էլ չեն տեղավորվում  տեմպի մեջ:

Օրինակ՝ նախատեսվում էր մինչ 2012 թ. վերջը գործարկել 2 ազատ տնտեսական գոտի՝ «Զվարթնոցում» եւ «ՌԱՕ Մարս» գործարանի բազայի վրա: Սակայն օդանավակայանի ազատ տնտեսական գոտին այդպես էլ չգործարկվեց, իսկ տեխնոլոգիական գոտին դեռ նոր է հայտեր ընդունում: Իհարկե՝ կազմակերպչական խնդիրները միշտ էլ անկանխատեսելի են լինում եւ մի քանի ամիսների ուշացումը էապես ոչինչ չի փոխում: Սակայն ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ կառավարությունն այդպես էլ չգնաց ներդրումաին սարքավորումների սահմանի վրա ավելացված արժեքի հարկով հարկման վերացմանը (կամ գոնե գործընթացի սկզբին): Բայց չէ՞ որ դա էլ նախատեսվում էր անել մինչեւ 2012 թ. վերջերը: Սա այն դեպքում, երբ 2012 թ. վերջում մի մեծ հարկային փաթեթ ուղարկվեց խորհրւդարան: Դրանցում միայն մեկ ներդրումային արտոնություն կա՝ շահութահարկի նվազեցում նոր աշխատատեղեր ստեղծելիս: Ընդհանուր առմամբ՝ կառավարությանը հաջողվել է բարելավել գործարար միջավայրը, ինչն իր արտացոլումը գտավ նաեւ dooing bussines-2012 զեկույցում, սակայն ներդրումների խթանման տեսանկյունից քայլերն ակնհայտ բավարար չեն:

Մինչեւ 2012 թ. վերջերը պետք է լիարժեք գործարկվեր նաեւ հարկային եւ մաքսային մարմիններում ռիսկերի վրա հիմնված վերահսկողական համակարգը; Այս առումով իհարկե քայլեր իրականացվել են, սակայն կարծես թե «լիարժեք» գործարկման մասին դեռ վաղ է խոսել; Թեեւ, հանուն արդարության, ներկայիս հարկային վարչարարական մեխանիզմներն ամենաբարենպաստն են նախորդ 20 տարիների համեմատ: 2012 թ. կարեւոր քայլ էր գանձարկղային գրքի նկատմամբ պահանջների հանումը, հաշվետվությունների թվի նվազումը: Սակայն անվստահության այն վիթխարի պաշարը, որ կուտակվել է երկար տարիների ընթացքում, միանգամից հանել հնարավոր չէ:

Այս առումով հարկ է նշել, որ նախորդ կառավարությունների ղեկավարների ու նախարարների քննադատություններն այնքան էլ հիմնավոր չեն; Ներկայիս բարդությունների մեծ մասն առաջանում է այն պատճառով, որ նախորդ որեւէ կառավարություն չի էլ փորձել արդյունաբերական քաղաքականություն վարել: Անգամ ձեւի համար ծրագրեր չեն մշակվել, ինչի պատճառով ներկայիս կառավարությունն ամեն ինչ սկսում է զրոյից; Գործարար միջավայրի անմխիթար վիճակը ոչ թե 2008 կամ 2009 թվականներին է ստեղծվել, այլ դրան նախորդող 15 տարում: Սա ակնհայտորեն ազդում է զարգացման ու բարեփոխումների ներկայիս տեմպերի վրա:

Սամվել Ավագյան