ՅՈՒՆԵՍԿO-ի կողմից Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման եւ Հայ հնատիպ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հունվարի 17-ին, Գրացի Հոգեւոր սեմինարիայի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Հայաստանի պատկերը Գրացի համալսարանի գրադարանի հավաքածուներում պահվող ձեռագիր եւ տպագիր գրքերում. Հայկական տպագրության 500-ամյակը» գրքույկի շնորհանդեսը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառման կազմակերպիչն էր Ավստրիայում գործող PRO ORIENTE կրոնական իրավունքի հիմնադրամը` օժանդակությամբ Ավստրիայի Շթայերմարկ երկրամասի կառավարության, Գրացի Կարլ Ֆրանց համալսարանի, Կաթոլիկական կրթության հաստատության եւ Գրացի հայ եկեղեցական համայնքի:
Գրքի հղացման մասին խոսք ասաց եւ նրա բովանդակությունը ներկայացրեց Գրացի համալսարանի Ձեռագրագիտության բաժանմունքի վարիչ, համալսարանի կազմում գործող VESTIGIA հետազոտական կենտրոնի ղեկավար դր. Պրոֆ. Էրիխ Ռենհարտը, ով նաեւ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի թվայնացման գործի կազմակերպիչներից է:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Մատենադարանի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի, ինչպես նաեւ Վիեննայի Մխիթարյան միաբանության հետ հայագիտության մարզում Գրացի համալսարանի արդյունավետ համագործակցության խնդրին, կարեւորեց եւ բարձր գնահատեց Մատենադարանի ձեռագիր հավաքածուների թվայնացման գործում համալսարանի Ձեռագրագիտության բաժանմունքի եւ նրա վարիչ Էրիխ Ռենհարտի բերած մասնագիտական ու անձնական նպաստը:





























