Հունվարի 21-ին Մոլդովայի խորհրդարանը հատուկ նիստում միաձայն կողմ է քվեարկել գլխավոր դատախազ Վալերի Զուբկոյի պաշտոնանկությանը:
Զուբկոն հունվարի 18-ին, խորհրդարան է ներկայացրել իր հրաժարականի խնդրագիրը, հաղորդում է «Նովոստի Մոլդովա»-ն: Հիշեցնենք, որ դատախազի հրաժարականը կապված է որսորդության ժամանակ կատարված սպանության հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ մոլդովական իրավապաշտպանները հայտարարել են, որ դեռեւս դեկտեմբերի 23-ին վիրավորված ձեռնարկատեր Սորին Պաչուն մահացել է հիվանդանոցում: Դրան հետեւած մամուլի ասուլիսի ժամանակ մոլդովական «Հակամաֆիա» շարժման առաջնորդ Սերջու Մոկանուն հայտարարել է, որ ճակատագրական կրակոցը եղել է հենց Զուբկոյի կողմից: Նրա խոսքով` դեպքից հետո խորհրդարանի առաջին փոխխոսնակ Վլադ Պլախոտնյուկը «արգելել է դատախազին պատմել տեղի ունեցածի մասին»:
Դատախազությունը հաստատել է որսորդության ժամանակ մահացու վիրավորված լինելու փաստը, սակայն գլխավոր դատախազի մասնակցությունը կատարվածի մեջ անվանել է «սուտ եւ զրպարտիչ»: Այդ գործում ավելի ուշ հայտնվել է հիմնական կասկածյալ` Քիշնեւյան վերաքննիչ պալատի փոխնախագահ Գեորգի Կրեցուն, որի դեմ հարուցվել է քրեական գործ: Սակայն իրավապաշտպանները չեն հավատում այդ վարկածին եւ հատարարել են, որ Կրեցուի հանդեպ ճնշում է գործադրվել: Նրանց հավաստիացմամբ` ճնշում է գործադրվել նաեւ սպանված Պաչուի ընտանիքի վրա, որը հրաժարվում է հանդիպել լրագրողների հետ:





























